пятница, 4 апреля 2014 г.

Հրաչյա Սարիբեկյան: «Երկվորյակների արևը»

Հետաքրքիր գիրք, մի քիչ տարօրինակ, սարսափներով, շատ քիչ հույզերով ու խառը երևույթներով: Երբևէ կարդացածս բացառիկ գրքերից, որի մասին մտածել եմ շատ երկար: Սովորաբար գիրք կարդում եմ այդ պահին հույզեր, զգացմունքեր ու ապրումներ ստանալու համար: Ինչպե՞ս եմ որոշում գիրքը` լավն է, թե ոչ: Եթե գիրքը ավարտելուց հետո բռնում եմ այն ու լացում, ուրեմն գիրքը լավն է և ինձ դուր է եկել: Այս գրքի դեպքում այդպես չեղավ, բայց դա չի նշանակում, որ չեմ հավանել: Գուցե հավանել եմ ավելի, քան որևէ այլ գիրք: Սա նաև այն  բացառիկ դեպքերից էր, երբ գիրքը կարդացի մի քանի օրում, սովորաբար գիրքը կարդում եմ մի օրում, մի քանի օր կարդալու պատճառը գուցե այն է, որ գրքի ամեն մի մասի ավարտին մտածում էի դրա մասին:
Խառը պատմություններ, դրվագներ, տարօրինակ պատկերներ և վերջում հանգուցալուծում, որը պետք է կառուցի ընթերցողը: Հնարավոր է, որ գիրքն իմ մեջ փոխեց ինչ-որ բան, գուցե վերածնեց, հնարավոր է, որ ես էն միակն եմ, ով գրքից վերցրեց այն, ինչ ցանկացել էր տալ գրողը: Մի քանի ամիս առաջ ինձ համար չկար ժամանակակից գրականություն, իսկ հիմա կարծիքս փոխվեց, մի քանի ժամանակակից գրողների վեպեր ավարտելուց հետո: Եթե չիմանայի, որ գրողը ժամանակակից է, գուցե մտածեի, թե ստեղծագործությունը ստեղծվել է ինձնից առաջ: Կարծում եմ` գրքում երևակայության արտացոլում կա, բայց կարծում եմ, այն արված է, որպեսզի այդ երևակայության շնորհիվ մտածելու ինչ-որ բան տրվի: Այսինքն` մի փոքր երևակայություն, որի շնորհիվ դու կսկսես մտածել:

Комментариев нет:

Отправить комментарий